Խաղը թիմային է: Կարելի է բաժանվել մինչև 6 թիմերի՝ բաղկացած 2-ական մասնակիցներից: Յուրաքանչյուր թիմ որոշում է իր գաղտնի նշանը, որը կարող է լինել ցանկացած տեսակի ժեստ․ օրինակ՝ դիպչել մազերին, տրորել աչքերը կամ քորել քիթը: Չի թուլյատրվում օգտագործել բանավոր (ձայնային) նշաններ:
Մասնակիցներից մեկը խառնում է խաղաքարտերը և յուրաքանչյուր խաղացողին բաժանում 4-ական խաղաքարտ, որից հետո ևս 4 խաղաքարտ տեղադրում է սեղանի կենտրոնում՝ փակ վիճակում, իսկ մնացած խաղաքարտերը դրվում են մի կողմ՝ սպասելու իրենց «աստղային ժամին»։ Բաժանող մասնակցի «ՍԿՍԵՑԻՆՔ» հրահանգից հետո սեղանի կենտրոնում դրված խաղաքարտերը շրջվում են, և խաղը համարվում է սկսված: Յուրաքանչյուր մասնակից կարող է իր ձեռքում եղած խաղաքարտերը մեկ առ մեկ փոխանակել սեղանի կենտրոնում դրված խաղաքարտերի հետ: Երբ ոչ ոք խաղաքարտ փոխանակելու ցանկություն այլևս չունենա, հարկավոր է սեղանի կենտրոնում գտնվող 4 խաղաքարտը փոխարինել իրենց «աստղային ժամին» սպասող խաղաքարտերի կապուկից 4 նոր խաղաքարտով:
Մասնակիցներից մեկը, հավաքելով միատեսակ պատկերներով 4 խաղաքարտ, պետք է իր թիմակցին թաքուն կերպով ցույց տա նախապես որոշված գաղտնի նշանը: Եթե թիմակիցը նկատում է գաղտնի նշանը, ապա պետք է բացականչի՝ «ՔԵՆԹ», որից հետո բոլոր մասնակիցները պետք է իրենց ձեռքի խաղաքարտերը դնեն սեղանին բաց վիճակում՝ ստուգելու համար: Եթե մասնակիցը իսկապես կազմում է միատեսակ պատկերներով 4 խաղաքարտ, ապա թիմը հաղթում է. հակառակ դեպքում՝ թիմը համարվում է պարտված: Եթե մրցակիցներից մեկը նկատում է հակառակորդի ժեստը և վստահ է, որ հենց դա է նրանց գաղտնի նշանը, ապա պետք է բացականչի՝ «ՍԹՈՓ», որից հետո բոլոր մասնակիցները պետք է իրենց ձեռքի խաղաքարտերը դնեն սեղանին բաց վիճակում՝ ստուգելու համար: Եթե «ՍԹՈՓ» բացականչող մասնակիցը իրավացի է, և մրցակիցը իրականում կազմել է 4 խաղաքարտ՝ միատեսակ պատկերով, ապա նրա թիմը ճանաչվում է հաղթող, իսկ սխալվելու դեպքում պարտվում է:
Մաղթում ենք հաճելի ժամանց: