Երեխային խնդրեք հանել փազլի մասնիկները, ապա ճշտորեն վերատեղադրել։ Կարելի է խաղալ մի քանի հոգով։
Սովորեցրեք Հայաստանի Հանրապետության մարզերը, դրոշը, զինանշանը և այլ կարևոր գիտելիքներ հայրենիքի մասին:
Նախապես հետաքրքիր նյութեր պատրաստեք, օրինակ, այս կամ այն մարզի եղանակային պայմանների, ավանդույթների, ճաշատեսակների, բուսականության, կենդանական աշխարհի, տաճարների, վանքերի մասին: Դա կխթանի երեխայի հետաքրքրությունը թեմայի հանդեպ:
Նշեք մարզի անունը և խնդրեք հնարավորինս արագ գտնել և ցույց տալ մարզը քարտեզի վրա:
Խնդրեք այս կամ այն մարզը գտնել ըստ գույնի:
Վայրկյանաչափ դրեք և հրահանգեք փազլը հավաքել հնարավորինս արագ: Խրախուսեք յուրաքանչյուր ավելի լավ արդյունքից հետո։
Խնդրեք ուշադիր նայել քարտեզին, ապա ծածկեք այն: Խնդրեք վերհիշել, թե, օրինակ, ինչ կենդանիներ կամ եկեղեցիներ կային պատկերված, ինչ գույնի և այլն:
Առաջարկեք այս կամ այն մարզը նմանեցնել որևէ առարկայի, կենդանու կամ երևույթի: Այդպիսի զուգորդումները կդյուրացնեն գիտելիքի յուրացումը:
Մարզերն անկանոն շարեք սեղանին և խնդրեք հնարավորինս արագ գտնել և ճշտորեն տեղադրել որևէ մարզ:
Խնդրեք գտնել և ճշտորեն տեղադրել այս կամ այն տառով սկսվող մարզը:
Ընտրեք որևէ մարզի անուն և փորձեք այդ անվան տառերով նոր բառեր կազմել:
Քարտեզի միջոցով երեխային սովորեցրեք աշխարհագրական կողմերը՝ հյուսիսը, հարավը, արևմուտքը, արևելքը: Դյուրության համար կարող եք դրանք համեմատել վերև, ներքև, աջ, ձախ կողմերին կամ բնութագրել համապատասխան տարածաշրջանները։
Երեխային խնդրեք գտնել արևմտյան կամ արևելյան մարզերը: Եթե դժվարանա, կիրառեք աջ և ձախ համեմատությունը։
Քարտեզից հանեք մեկ կամ մի քանի մարզ, ապա երեխային խնդրեք նայել և պարզել՝ որ մարզն է պակասում: